2021-ից քաղած դասերը

Tigran Sargsyan
3 min readJan 12, 2022

Հինգ տարի առաջ ինքս ինձ խոստացա, որ յուրաքանչյուր տարի փաստագրելու եմ տարվա ընթացքում քաղածս դասերը և հրապարակելու եմ դրանք բլոգային գրառման տեսքով (սա առաջին տարին է, երբ գրառումը թարգմանել եմ հայերեն): Ամեն տարի, անդրադառնալով տարվա ընթացքում կատարած նշումներին, զարմանում եմ, թե որքան կարող ենք փոփոխվել մեկ տարվա ընթացքում։

Դժվար կլինի մեկ բառով ամփոփել 2021-ը. մի կողմից՝ նվաճումներով, արկածներով, հետաքրքիր մարդկանցով լեցուն տարի, մյուս կողմից՝ տարի, որի ընթացքում ունեցա սիրելիների կորուստ։ Թերևս լավագույն ամփոփումը կլինի տարվա ընթացքում քաղածս դասերի թվարկումը, և այսպես սկսենք.

1.Սուպերմենի գործելակերպ

Հազվադեպ չեն դեպքերը, երբ ղեկավարները կրիտիկական իրավիճակներում որդեգրում են սուպերմենի գործելակերպը, ասել է թե՝ փորձում են ողջ գործն անել ինքնուրույն։ Պետք է նշել, որ դա կառավարման վատագույն մեթոդներից մեկն է, նախ՝ այդ մոդելը կարող է կիրառվել միայն մարդկանց փոքր խմբերի դեպքում, երկրորդ՝ այն թիմի անդամներին ազատում է պատասխանատվության զգացումից, թույլ չի տալիս պարզել թիմի իրական ունակությունները, և անկեղծ պետք է ասել՝ մեծ մասամբ չի ապահովում լավ արդյունք։

2. Հանձնարարությունները տվեք պատշաճ կերպով

Բոլորին հայտնի է, որ թիմային հաջող աշխատանքի գրավականներից մեկը պարտականությունների ճիշտ բաշխումն է թիմակիցների միջև: Հաճախ չենք նկատում, որ սխալ ենք դա անում: Եթե թիմին տրված հանձնարարությունից հետո սեփական ուսումնասիրությունն անցկացնելու և որոշումներ կայացնելու կարիք է լինում, ապա սխալ է տրված հանձնարարությունը, և ճիշտ չեն բաշխված պարտականությունները:

3. Մի շտապեք պատասխանել

Պարտավորված մի զգացեք ձեզ ուղղված հարցերին անմիջապես պատասխանել։ Իհարկե, ոչ մի խնդիր չկա հարցին արագ պատասխանելու մեջ, եթե ձեզ արդեն հայտնի է պատասխանը, մնացած բոլոր դեպքերում, հարցին ճիշտ պատասխան գտնելու համար անհրաժեշտ է ժամանակ։ Մարդիկ, ովքեր ձեզ հղել են իրենց հարցը, հավանաբար, ծախսել են որոշ ժամանակ հարցի շուրջ մտածելիս, դուք էլ ձեր հերթին կարող եք ծախսել ժամանակ պատասխանը գտնելու համար։

4. Հավատարիմ եղեք ձեր մեթոդներին

«AOByte»-ում բոլորիս հայտնի է մի բան՝ միայն մեր մեթոդին հավատարիմ մնալով՝ մենք հնարավորություն ունենք հաջողությամբ նախագծեր հանձնելու, նույնիսկ այդ դեպքում կարող ենք ձախողվել, բայց միանշանակ կձախողվենք, եթե չհետևենք մեր մեթոդներին։ Սահմանեք ձեր գործունեության կերպը, հետևեք դրանց, շարժվեք առաջ, ձախողման դեպքում վերադարձեք և վերասահմանեք դրանք ու կրկին հետևեք դրանց։

5. «if» արտահայտությունը

Մանրակրկիտ ուսումնասիրեք ձեր կոդում առկա բոլոր «if» արտահայտությունները, զարմացած կլինեք, թե որքան OOP-ի սխալներ են թաքնված «if»-երի հետևում։ Բազմաթիվ դեպքերում այս «if»-երից կարելի է ձերբազատվել, որի արդյունքում կունենաք ավելի մաքուր կոդ։

6.Ուշադիր ընդունեք մարտահրավերները

Հերթական մարտահրավերն ընդունելուց առաջ մտքում միշտ երկու բան պահեք։ Առաջինը՝ ի՞նչ եք ձեռք բերելու, և որքա՞ն ռիսկի դիմաց։ Երկրորդը՝ ուշադիր քննեք իրավիճակը՝ հասկանալու համար արդյոք ի սկզբանե ձեզ չե՞ք դատապարտում պարտության։ Վստահ եմ՝ կզարմանաք, երբ իմանաք, թե ինչ զգուշությամբ են բռնցքամարտի բոլոր չեմպիոնները ողջ կարիերայի ընթացքում ընտրում իրենց հակառակորդներին,այն նույն մարդիկ, ովքեր հայտարարում են և պատրաստ են մենամարտել ցանկացած մրցակցի դեմ։

7. Միշտ կասկածի տակ առեք ամենավատ արդյունքը

Շատ հաճախ մենք կասկածամտորեն ենք նայում ապագային, երբ խոսքը գնում է լավագույն սցենարի մասին, սակայն ինչ-որ պատճառով, առանց որևէ ապացույց պահանջելու, հավատում ենք վատագույն սցենարին՝ համարելով, որ այն ավելի իրատեսական է, քան լավագույն սցենարը։ Իրողությունն այն է, որ երկուսն էլ՝ լավագույն և վատագույն սցենարները, պահանջում են նույնքան ապացույց։

8. Նոր նախաձեռնություններ

Ժամանակ հատկացրեք նոր նախաձեռնությունների համար ՝ NFT, metaverse, DeFi և այլն։ Մի եղեք միշտ գնացքից ուշացողը։

9. Ճանապարհ զիջեք

Ավտոմեքենա վարելիս, որքան կարող եք, ճանապարհ զիջեք: Երբեք չգիտեք, թե դիմացինը ինչ պատճառով և ուր է շտապում։

10.Իմաստություն Ջեյ Քեյ Ռոուլինգից

Սիրելիների կորուստը ծանր հարված է և միշտ վերածվում է կյանքում շրջադարձային կետի, բայց որքան էլ մեծ լինի ցավը, միևնույն է, անհրաժեշտ է դասեր քաղել։ Ջեյ Քեյ Ռոուլինգի հետևյալ ցիտատը, թերևս, կարևորագույն դասն է, որը յուրացրել եմ այս տարի։

Մի բան միանշանակ գիտեմ՝ սերն ամենից զորեղ բանն է աշխարհում։

--

--

Tigran Sargsyan

Light-heavyweight entrepreneur, Co-Founder & CEO at AOByte, Co-Founder at Fibonaci.